Ամենևին կարիք չկա գույները խտացնել, գույներն առանց այդ էլ արդեն իսկ խիտ են։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Ապարանում տեղի ունեցած միջադեպի քաղաքական բնույթի վերաբերյալ հարցին։
«Ցանկացած դժբախտ պատահար քաղաքականության հետ կապելն անբարոյականություն է։ Այս միջադեպը որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Երեկ կուսակցության դիմաց տեղի ունեցածն աբսուրդ էր, ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանությունները՝ ևս։ Իրենք փորձում են իրենց քաղաքական հայրերի ու մեր միջև հավասարության նշան դնել, ինչը չի ստացվելու։ Իրենց կառավարման տարիներին եղել է հոկտեմբերի 27, «Պոպլավոկի» դեպք, Մարտի 1»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում։ Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Այս ընթացքում շրջանառվեցին լուրեր առ այն, որ վիճաբանությունը ծագել է քաղաքական դրդապատճառներով և միջադեպին իրենց մասնակցությունն են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիրների կողմնակիցները։