Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի նախորդ հանդիպումը ևս անցկացվել էր Վիեննայում։
Առաջիկայում սպասվելիք հանդիպումը թվով չորրորդն է։
Հատուկ ներկայացուցիչները նախորդ հանդիպմանը վերահաստատել էին առկա գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Նրանք վերահաստատել էին իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացն առանց նախապայմանների։