Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նշում է հիմնադրման 15-ամյակը: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը ելույթի սկզբում նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն նպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, հասարակությունն ու երկիրը:
«15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, բայց կարող եմ արձանագրել, որ այն Հայաստանում կայացել է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ նախորդ տարիների ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել և հույս է հայտնել, որ 2018 թ. իրադարձություններից հետո մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ ու միջավայր է ստեղծվել, որտեղ մարդն իսկապես բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը՝ կառավարության առջև դրված կարևորագույն խնդիր:
«Մարդու իրավունքների պաշտպանությունը հենված է այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, մարդկանց անհավասարությունը ստեղծում է կոռուպցիա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։