Ուկրաինացի զինվորականները փորձել են հարվածներ հասցնել Բելառուսի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, սակայն բելառուսական կողմը բոլոր հրթիռները որսացել է։ Այս մասին հուլիսի 2-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Երեք օր առաջ, մի քիչ ավելի շատ, Ուկրաինայի տարածքից փորձում էին հարված հասցնել Բելառուսի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Բայց «Պանցիր» համալիրներով հաջողվել է որսալ Ուկրաինայի զինված ուժերի արձակած բոլոր հրթիռները», — ասել է Լուկաշենկոն Բելառուսի անկախության օրվան ընդառաջ կայացած հանդիսավոր ժողովի ժամանակ։
Բելառուսի նախագահը չի բացառել Արևմուտքի կողմից Բելառուսի դեմ նոր սադրանքները։
Արևմտյան հարևանները, նրա խոսքով, ագահորեն նայում են սահմանամերձ բելառուսական և ուկրաինական տարածքներին և նույնիսկ չեն ամաչում բացահայտ խոսել հնարավոր անեքսիայի մասին:
Մինչդեռ, ինչպես կարծում է Բելառուսի նախագահը, բելառուս ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսելն անհեռանկարային է, իսկ Բելառուսի տնտեսական կայունության խաթարմանն ուղղված Արևմուտքի սադրանքները չեն աշխատի: