Պետք է պարզենք, թե ինչն է եղել սահմանադրի նպատակը, երբ սահմանել է, որ պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում բաց է թողնում քվեարկությունների կեսից ավելին: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներց զրկելու հարցով Ազգային ժողովի նախաձեռնած արտահերթ նիստին:
«Սահմանադրի նպատակն այն էր, որ պատգամավորները զբաղվեն քաղաքական գործունեությամբ։ Այսինքն, ընտրվելուց հետո չդադարեցնեն իրենց քաղաքական գործունեությունը»,- ասաց նա և նշեց, որ այդ գործիքը պետք է կիրառվի հենց սահմանադրի որդեգրած գաղափարախոսության իմաստով:
«Տվյալ պարագայում գործ ունենք այլ իրավիճակի հետ. խորհրդարանական ընդդիմությունը, տեսնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը չի գիտակցում, թե ինչ է խորհրդարանը և համարում է, որ, եթե իրենք մեծամասնություն են, ապա ընդդիմությունն այնտեղ ընդհանրապես անելիք չունի։ Այսինքն, ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած նիստերը, քննիչ հանձնաժողովները, հայտարարությունները, այդ ամենը ձախողվում է։ Իհարկե՝ չի նշանակում, որ դրանք պետք է հարյուր տոկոսով ընթանան այն նույն ձևով, ինչպես առաջարկել է ընդդիմադիր խմբակցությունը։ Միևնույն ժամանակ, նիստին չգալը, այն տապալելը և նման այլ բազում օրինակներ ապալեգիտիմացրել են այս խորհրդարանը։ Այսինքն, այն դադարել է խորհրդարան լինել»,- ասաց նա:
«Ուղղակի համարել, որ պատգամավորները չեն ներկայացել նիստին և դա համարվում է անհարգելի, անհեթեթություն է։ Այո, ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանել է, թե որոնք են համարվում հարգելի, բայց Սահմանադրության մեկնաբանության ժամանակ հիմք է ընդունվում սահմանադրի կամքը»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանի համոզմամբ՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայություններն անհարգելի չեն, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ խորհրդարանական մեծամասնությունը չի գիտակցում, թե ինչ է խորհրդարանը:
«Սահմանադրության պատշաճ մեկնաբանման դեպքում չի կարող ընդդիմության պատգամավորների բացակայությունը անհարգելի ներկայացվել: Կարծում եմ, որ անթույլատրելի է մանդատներից զրկելը։ Թեև մեծ հույսեր չեմ կապում Սահմանադրական դատարանի հետ, բայց, այնուամանայնիվ, կարծում եմ, որ ակներև իրավիճակ է․ քիչ հավանական եմ համարում, որ Սահմանադրական դատարանը գնա Սահմանադրության նման կոպիտ ոտնահարման»,- ասաց նա:
Արդարադատության նախկին նախարարը նշեց, որ ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո միայն քաղաքական գործիքակազմով կարող է պայքարել: