Պետական պաշտոնյաներից ոմանց աշխատավարձը իջել է, ոմանց աշխատավարձը բարձրացել։ Այս մասին այսօր կառավարությունում կայացած հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցադրմանը։
«Ուզում եմ հարցը քննարկենք հետևյալ համատեքստում. ըստ էության, առանց խորհրդարանի է սա եղել, չի կարող կառավարությունը կամ որևէ այլ մարմին ինքն իր աշխատավարձը բարձրացնել, երկրորդ խնդիրը դրա գաղտնիության մեջ եմ տեսնում, ինչու օրենքը չի բերվել խորհրդարան և սանդղակը չի վերանայվել, գուցե այն պատճառով, որ զուտ երեք սուբյեկտի համար եք այստեղ բարձրացրել»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշման արդյունքում ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանց աշխատավարձն իջել է:
ՀՀ վարչապետը նշել է, որ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշակի անհամամասնություն կա նույն կարգավիճակում գտնվող անձանց աշխատավարձերի առումով։
«Արդյունքում ոմանց աշխատավարձն իջել է, ոմանցը՝ բարձրացել, խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակում գտնվող մարդիկ պետք է հավասար աշխատավարձ ստանան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
«2019թ. բյուջեի քննարկումների արդյունքում այս ամբիոնից ասել եմ՝ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին մի քանի մարմիններ, հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումների ֆոնդ եմ սահմանում: Դուք իմացել եք և քվեարկել եք դրա օգտին»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ բազմիցս հայտարարել է, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, նաև հայտարարել է, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում և այլ մարմիններում պարգևավճարները փաստացի բարձրացրել են, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել: