Այս տարվա վերջին վեց ամիսների ընթացքում՝ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է ստացել թվով 4.918 անձ։
Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ստացվում է՝ նրանցից 87 տոկոսը (4310 մարդ) քաղաքացիություն է ստացել այս տարվա մարտի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու տվյալներին, ոստիկանությունից հայտնել են, որ 2022թ. հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է թվով 2.407 անձի ՀՀ քաղաքացիություն։
Armenia Today-ին ավելի վաղ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից հայտնել էին, որ 2022թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 9466 անձ։ 2022 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու քանի դիմում է ներկայացրել 7936 է անձ։
Ինչ վերաբերում է 2022թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներին, ապա նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար 2170 անձ է դիմել։
Հավելենք նաև, որ 2021 թվականի հուլիսին «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ կատարվեցին։ Ըստ փոփոխությունների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները քննարկելու համար նախկինում գործող վեցամսյա ժամկետը փոխարինվել է 90 աշխատանքային օրով։ Թեև օրենքի փոփոխությունն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին, այն ուժի մեջ է մտել հունիսի 25-ին։