Ազատ ոճային ըմբիշները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սերգեյ Սարգսյանը: Մկրտչյանը 79 կգ քաշայինների եզրափակչում 0:5 հաշվով զիջել է իրանցի Սոբան Յարիին և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Սերգեյ Սարգսյանն էլ 92 կգ քաշայինների երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտել է ԱՄՆ ներկայացուցչի հետ և 12։2 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Հայկ Աբրահամյանը (61 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (86 կգ) սփոփիչ գոտեմարտեր են անցկացրել, սակայն պարտվել են և զրկվել բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունից։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն էլ բրոնզե մեդալի համար պայքարում 2:5 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):