ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հանցավոր վարքագծի շարունակական դրսևորումների վերաբերյալ հետևողականորեն ծանուցում է միջազգային գործընկերներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։
Ֆեյսբուքի գրառմամբ նա տեղեկացրել է, որ հերթական նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուշադրությունն է հրավիրել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման փաստի վրա, որը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, երբ ադրբեջանական կողմը փորձեց հատել շփման գիծը՝ հաջորդող օրերին բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։
Թովմասյանի խոսքով՝ քանի որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի արդյունքում ունեցանք զոհեր և վիրավորներ, ռուս գործընկերոջը խնդրել է դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը, քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Նա տեղեկացրել է․ ոչ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ստացել է գրություն, համաձայն որի՝ իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմը պատասխանատվության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր հարց է։
«Կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 4-ի հայտարարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ։ Նախարարությունը կոչ արեց 2 կողմերին դրսևորել զսպվածություն, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և հաստատեց կարգավորման անհրաժեշտությունը՝ համապատասխան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների։ (…) Ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը «ցամաքում» իրավիճակի կայունացման նպատակով։ Ե՛վ Բաքվում և՛ Երևանում բազմիցս ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը: Համոզված են, որ այդ վստահությանը լիարժեքորեն արժանի են։ Պատրաստ ենք հետայսու ևս ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորմանը»,- նշվում է դեսպանատան արձագանքում։
Թովմասյանը նշել է, որ մեկ այլ գրությամբ Ռուսաստանի Դաշնության գործընկերների ուշադրությունն է հրավիրել Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի հանձնման գործընթացի վրա և Իմ նամակում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացրել է առկա դժվարությունները, ինչպես նաև Արցախի ԱԺ պատգամավոր գործընկերների մտահոգությունները, որ մարդկային, տեխնիկական և տրանսպորտային ռեսուրսները բավարար չեն տարհանման գործընթացի՝ ժամանակին իրականացման համար։ Թովմասյանը խնդրել է օժանդակել նշված բնակավայրերի հանձնման ժամկետի երկարաձգման հարցում։
ՌԴ դեսպանատունը պատասխան գրությամբ հայտնել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ ՌԴ դեսպանատան մատնանշած 6-րդ կետի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար։
Թովմասյանն ընդգծել է, որ դատելով նաև օրերս Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունից, որ «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել», կարելի է ենթադրել, որ այս մասով, ըստ Թովմասյանի, ևս դեռ ամեն ինչ հստակ չէ․ ի վերջո նշված 3 տարվա ժամկետի ավարտին դեռ ավելի քան 1 տարի էլ մնացել է։
ՌԴ դեսպանատնից հավելել են, որ իրենց գրությամբ նշված բոլոր թեմաների շուրջ անցկացվում են շահագրգիռ կողմերի քննարկումներ, որոնց նպատակն է հասնել բոլորին բավարարող համաձայնության՝ եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու համար։
«Այդ նպատակով մենք մշտական երկխոսության մեջ ենք հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ՝ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ և այլ գերատեսչությունների մակարդակով։ Օգոստոսի 2-ին և 8-ին կայացել են ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի և ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի հեռախոսազրույցները։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Ս․Վ․ Լավրովը և Ս․Կ․ Շոյգուն։ Պրոբլեմատիկայի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ նման զրույցները համարվում են կարգավորման կարևոր և գործուն գործիք»,- հայտնել են գերատեսչությունից: