Թուրքական ռազմական ավիացիան երկուշաբթի 52 անգամ ներխուժել է Հունաստանի օդային տարածք, որոնց շարժը կանգնեցնելու համար բարձրացրել է իր ռազմական ինքնաթիռները։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Թուրքիայի ռազմաօդային ուժերը 52 անգամ այսօր ներխուժել են ազգային օդային տարածք։ Էգեյան ծովի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում օդային սահմանի խախտումներին մասնակցել են չորս ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Մասնավորապես, F-16 կործանիչների զույգը թռիչք է կատարել հունական օդային տարածքով և կատարել Աթենքի թռիչքային տեղեկատվության շրջանի հինգ խախտում (Athens Flight Information Region, FIR): Այսօրվա խախտումներին մասնակցել են նաև մեկ անօդաչու թռչող սարք, որը կատարել է սահմանի 29 խախտում, և երկու CN-235 ռազմափոխադրական ինքնաթիռ, որոնց հաշվով 18 խախտում է գրանցվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Բոլոր դեպքերում թուրքական ինքնաթիռները ճանաչվել և առգրավվել են հունական կործանիչների կողմից՝ միջազգային կանոններին համապատասխան», – ընդգծել է պաշտպանական գերատեսչությունը:
Հունաստանը և Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, պատերազմի եզրին էին գտնվում 1996 թվականին՝ Իմիա ընդհանուր անվանումով հունական անմարդաբնակ ժայռոտ երկու կղզյակի նկատմամբ թուրքական կողմի հավակնությունների պատճառով, որոնք Անկարան շարունակում է քարտեզների վրա ներկայացնել որպես իրենը (թուրքերեն դրանք կոչվում են Քարդակ):
Հունաստանի տարածքային ջրերը տարածվում են Էգեյան ծովի ավելի քան 2 հազար կղզիների շուրջ վեց ծովային մղոնների վրա, սակայն Աթենքը հայտարարում է, որ իրավունք ունեն դրանք ընդլայնել մինչև 12 ծովային մղոն, որը միջազգայնորեն իրենն է ճանաչված: Իր հերթին Անկարան Աթենքին նախազգուշացրել է, որ Հունաստանի կողմից իր տարածքային ջրերի նման ընդլայնումը «պատերազմ հայտարարելու ձևական առիթ կդառնար»։
Ընդ որում, Թուրքիան չի ճանաչում կղզիների շուրջ Հունաստանի 10-կիլոմետրանոց օդային տարածքը՝ համարելով, որ հունական օդային տարածքը, ինչպես և տարածքային ջրերը, սահմանափակված է վեց ծովային մղոններով: Արդյունքում թուրքական կործանիչները սպառազինությամբ կանոնավոր կերպով ներխուժում են հարևան պետության օդային տարածք և թռիչքային տեղեկատվության շրջան՝ առանց թռիչքների մասին տեղեկություններ տրամադրելու, իսկ Հունաստանը դրանց որսալու համար իր ինքնաթիռներն է բարձրացնում։ Ամեն տարի հազարավոր նման դեպքեր են տեղի ունենում։