ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է տեսանյութեր չհրապարակել մարտական գործողությունների գոտուց։
«Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։
Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: