Իրանի և Հայաստանի միջև սահմանը պետք է մնա անփոփոխ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը` օգնել խնդիրը լուծել խաղաղ և քաղաքական ճանապարհով:
Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ «Իրանը միշտ ընդգծում է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը»: «Իրանը իրանա-հայկական սահմանը դիտարկում է որպես հաղորդակցության պատմական ուղի, որը պետք է պահպանվի անփոփոխ», – գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳ նախարարին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: