Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
ՀՀ ԱԳ նախարարը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերը։
Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և ուժի կիրառման անթույլատրելիության անհրաժեշտությունը։
Հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական ագրեսիայի հետևանքերի վերացման և նոր ագրեսիայի հավանականության բացառման համատեքստում նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հստակ, հասցեական ու համարժեք արձագանքի կարևորությունը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման նպատակով գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։