Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ: Ուղերձում նշված է, որ պայծառ տոնի առթիվ մաղթում է յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն:
«Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի: Թո՛ղ հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ միասին, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը: Շնորհավո՛ր Ռոշ Հաշանա»,- գրել է Փաշինյանը:
Նշենք, որ Ռոշ Հաշանան հրեական Նոր տարին է, որը տոնում են երկու օր անընդմեջ՝ աշնանային տիշրեյ ամսվա նորալուսնին, ըստ հրեական տոմարի (ընկնում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին)։ Այդ օրվանից սկսվում է նոր հրեական տարվա հաշվարկը։ Տարվա առաջին ամիսը համարվում է գարնանային ավիվ ամիսը, որը հետագայում անվանվում է նիսան, երբ հրեաները դուրս են գալիս Եգիպտոսից։ Յոթերորդ՝ տիշրեյ, ամսվա առաջին օրվա տոնը անվանվում է «սրբազան հավաքի» օր, երբ սահմանված է չաշխատել, փչել շոֆար և կատարել զոհաբերություններ։