ԱՀ տարածքում 2021-22 թվականներին արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք: Այս մասին
հայտնում է Արցախի դատախազությունը:
«Այս կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ: Այդ կերպ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31.000.000 դրամ գումար, որից վերականգնվել է ընդամենը 2.773.000 դրամը: Նկատի ունենալով, որ հիշյալ բնույթի խարդախությունները հիմնականում կատարվել են հափշտակվող գումարը վճարային տերմինալների միջոցով փոխանցելու կամ խաղային հաշիվներին մուտքագրելու եղանակով և դրանք հիմնականում ձեռք էին բերվել ԱՀ տարածքից դուրս գտնվող անձանց կողմից, այդ պատճառով մի շարք դեպքերով դեռևս անհայտ են մնում հանցանք կատարած անձինք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, այնպես էլ դատախազության կողմից իրականացված տևական քարոզչական աշխատանքի արդյունքում հիշյալ բնույթի դեպքերը էականորեն նվազել են, սակայն խարդախության նման փորձեր դեռևս արձանագրվում են: