Թալինի համայնքապետարանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Արորիկ Հովհաննիսյանի կատարած սխրանքների մասին։
«Արորիկ Հովհաննիսյանը հանկարծահաս պատերազմի օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Վերին Շորժայի մարտական դիրքերում էր։ Նա հատուկ ջոկատային զորամասի սպա էր, դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող, քաջ մարտիկ և հայրենիքին նվիրյալ։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Սեպտեմբերի 13-ի թեժ մարտական գործողությունների ընթացքում, վրահաս վտանգն զգալով, քաջ սպան մարտական դիրքից տեղափոխել է տալիս վիրավորներին, իսկ ինքը՝ կռվում մինչև վերջին շունչը, քանի դեռ թշնամու մահաբեր գնդակը չէր խոցել ու չէր դադարել նրա կյանքի բաբախյունը։
Սիրելի Արորիկ, ծնվեցիր 1989թ. Վ.Սասնաշենում, առյուծասիրտ հոգով, հայրենասեր գաղափարով, ազգային մտածողությամբ, նախնիների արյան կանչով։ Ապրեցիր հայեցի, ծառայեցիր հայրենիքին անմնացորդ սիրով, մնացիր քո հողին ու ջրին միշտ կարոտով, բայց արժանավայել հիշատակով։ Հանգչիր խաղախությամբ», – նշվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։