Շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (ԱՄՆ), անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, իր Facebook-յան էջում հայրենիքին ու արցախահայությանն օգնելու կոչով է հանդես եկել:
«Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայ արդեն 11 օր գտնվում է շրջափակման մեջ։ Ադրբեջանն էքզիստենցիալ սպառնալիքի պայմաններում տարբեր անօրինական մեթոդներով փակում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրում հստակեցվում է, որ ճանապարհը բաց է մնալու և սպասարկելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստը» ծաղրում է ռուսական խաղաղապահ ուժերին»,- գրել է նա:
Արոնյանի խոսքով՝ քանի դեռ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները պայքարում են մատակարարումների համար, իսկ պարենի դեֆիցիտն անխուսափելի է:
«Կոչ եմ անում ուժերի սահմաններում են օգնել իմ հայրենիքին՝ հղելով ուղերձներ, գտնելով ուղիներ կարիքավոր շատ մարդկանց օգնելու համար»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–-ց ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։