Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը մինչև մայիս կշահագործվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Տարեվերջին հիմնական հողային աշխատանքները կավարտվեն: Հիմա այդ փուլում ենք: Մենք այդ ճանապարհի աշխատանքները մայիսին կավարտենք»,-ասաց նա:
Անրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, կառավարության աշխատանքներին՝ նա նշեց. «Ստեղծված իրավիճակից որևէ մեկս գոհ չենք, կատարում ենք որոշակի քայլեր և տարաբնույթ աշխատանքներ»:
Հարցին՝ այս իրավիճակում պատրա՞ստ են խաղաղության պայմանագիր կնքել՝ նա արձագանքեց. «Խաղաղության օրակարգից բացի, ի՞նչ այլ օրակարգ եք առաջարկում: Մենք շարունակում ենք պնդել, որ մեր տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: