Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան: Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա պատճառներին: Le Figaro պարբերականը ծավալուն հոդվածով է անդրադարձել Արցախի շրջափակմանը:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի ընդունել միջազգային հետաքննող հանձնաժողովին՝ ապացուցելու, որ հանքարդյունաբերության իրականացման համար անհրաժեշտ բոլոր բնապահպանական պայմանները պահպանվում են։
Le Figaro պարբերականը ծավալուն հոդվածում մեջբերել է նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի խոսքերը:
«Ոսկու այս հանքը օվկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հարուստ է գազով և նավթով։ Բայց Արցախի համար դա մեզ մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մեկն է: Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների և նույնքան ընտանիքների զրկել եկամտի աղբյուրներից։ Դա մեր տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»,- նշել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։