Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը Twitter-ում հրապարակել է նամակ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքն արգելափակելու մասին։
«Շնորհակալ եմ, քաղաքապետ Բաս, որ միացաք ինձ՝ նախագահ Բայդենին փոխանցելու ԱՄՆ ղեկավարության կողմից շրջափակումը վերացնելու և Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտությունը»,- ասվում է հրապարակված փաստաթղթի մեկնաբանության մեջ։
Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասն ասել էր, որ աջակցում է Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Մենք պետք է հստակ ցույց տանք մեր հավատարմությունը ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։ Սա ճգնաժամ է, և անգործությունը միայն կվատթարացնի այն: Կյանքերը վտանգված են»,- գրել էր Բասը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: