Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ, որի ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպին, Ադրբեջանի կողմից նրանց հանդեպ ցուցաբերած անթույլատրելի վարքագծին: Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ: Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով»-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: