Զոհված զինծառայողների ծնողներն առերեսվել են Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։ Այս մասին զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ առերեսումը տևել է 3 ժամ 55 րոպե:
«ՔԿ-ի քննչական գործողությունների թիրախն ուրիշ է։ Առերեսումները չպետք է կատարվեն մեզ հետ, դրանք պետք է կատարվեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների միջև, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք իրենց ցուցմունքներում, հակասություններն իրար մեջ են»,- ասաց փաստաբանը:
Ըստ փաստաբանի՝ կարմիր բերետավորների բազմաթիվ ցուցմունքներ կան, թե Խուդինյանն է հրամանը տվել: Սակայն, ինչպես ասաց Հովհաննիսյանը, այսօրվա իր ուղիղ հարցին, թե ո՞վ է զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանը տվել, Խուդինյանը պարզապես չի պատասխանել։
«Պարոն Խուդինյանն ընդունեց, որ բերման ենթարկելու ձևաչափը, միջոցը, եղանակը համաչափ չեն եղել, և ինքը ամբողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից: Նա նաև խնդրեց դա ընդունել որպես ոստիկանության պաշտոնական հայտարարություն, դիրքորոշում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Խուդինյանն ընդունել է, որ «Եռաբլուրում» հրամաններ տալու իրավասությամբ օժտված է եղել ինքը և Երևան քաղաքի վարչությանը ենթակա ստորաբաժանումները ղեկավարվել են իր կողմից, ենթարկվել են իրեն:
Ինչպես Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց փաստաբան Հովհաննիսյանը՝ այժմ առերեսումները շարունակվում են ՈՍ այլ աշխատակիցների հետ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով հարուցվել էր քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քր.օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Մանրամասները՝ տեսանյութում: