Այսօր՝ փետրվարի 5-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Աղբյուրը հայտնում է, որ ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Նշված ակումբի տարածքից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանություն են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ երիտասարդներն են Երևանի բնակիչներ 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։
Վերջիներս կասկածվում են նշված հասցեում առաջացած վիճաբանության ժամանակ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ: ԶԼՄ-ի տեղեկություններով, կռվի մասնակիցներից Դ. Մովսիսյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի տղան է։