Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 381-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզարին։ Եվս 20 424 մարդ վիրավորվել է, ասել է նա։
Սիրիայում 769 մարդ է զոհվել, առնվազն 1 448-ը՝ վիրավորվել Հալեպ, Լաթաքիա, Տարտուս, Համա և Իդլիբ նահանգներում, որոնք գտնվում են երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Սիրիայի առողջապահության նախարարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։