Տավուշում սահմանազատման դեմ շարժումն առաջիկա օրերին հնարավոր է տեղափոխվի Երևան, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Եթե իշխանությունները չլսեն կիրանցիների պահանջը և չհրաժարվեն միակողմանի զիջումների մտադրությունից, ապա պայքարը դուրս կգա Տավուշից, և արդեն Երևանում կշարունակվի: Շարժման ներկայացուցիչները խոստանում են շարժման առաջնորդի մասին հայտարարել, ապագա վարչապետի թեկնածուի մասին՝ նույնպես»,- գրել է թերթը։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որն արդեն մի քանի շաբաթ է՝ ժամանակավոր բնակություն է հաստատել Ոսկեպարում և շարժման ակտիվիստներից է, թերթին չի հերքել, որ շարժումը Տավուշից դուրս է գալու։
«Անպայման դուրս է գալու, բայց եկեք մանրամասներ չասեմ։ Այսօր-վաղը դուք հստակ կիմանաք դրա մասին»,- հավելել է Պետրոսյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում