Կիրանցում սննդի պակասի խնդիր գոյություն չունի, ԱԺ-ում լրագրողներին ասել է ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը։ Նա հերքել է տեղեկությունները, թե սնունդ մատակարարող բեռնատարները գյուղ մտնել չեն կարող։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Կիրանցում առավոտից սահմանազատանն առնչվող գործողություն է կատարվել` ևս մի քանի սահմանային սյուն է տեղադրվել։
Ղալումյանի խոսքով՝ տեղեկություն չունի այն մասին, թե որտեղ են Կիրանցում սյուներ տեղադրել՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ըստ կիրանցեցիների՝ դպրոցի հարակից տարածքում և բնակիչներից մեկի տան բակում սյուներ են տեղադրվել, որոնք կիսում են գյուղը 2 մասի։
Նա հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կոնսոլիադացիայի կամ իմպիչմենտի գործընթացում զարգացում չի տեսնում։
«Ես կոնսոլիդացիա չեմ տեսնում։ Ես գիտեմ, որ սկսել են նման գործընթաց (իմպիչմենտի-խմբ․), բայց չսկսեցին։ Ինչո՞ւ։ Իրենց կարող եք հարցնել»,- ասել է պատգամավորը։
Նա նաև տեղեկացրել է, որ ՔՊ խմբակցությունում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ չեն եղել։ «Անհրաժեշտության դեպքում քննարկումներ կլինեն, այս պահին չկա անհրաժեշտություն»։
Պատգամավորի խոսքով՝ շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը նախ պետք է որոշի՝ քաղաքականությա՞մբ է զբաղվում, թե՞ հոգևոր կյանքով, միայն դրանից հետո իմաստ ունի քննարկել նրա հետ հանդիպումը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։