Նոր տիպի կորոնավիրուսը օրեցօր, անգամ ժամառժամ նոր տարածքներ և մասշտաբներ է ընդգրկում։
Այսպես, վրացի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակվածության երրորդ դեպքը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։
«Նա Վրաստանի քաղաքացի է, ով ճամփորդել է Իրանում»,-ասել է Գամկրելիձեն՝ հավելելով, որ հիվանդի առողջական վիճակը կայուն է։
Իրանում վարակվածների թիվը հասել է 593-ի, արձանագրվել է 43 մահվան դեպք։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության և բժշկական կրթության նախարարության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահամպուրը։ Բացի այդ, Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլ Աբասն էլ հայտարարել է, որ պատգամավորների շրջանում հիվանդացության դեպքերի թիվը հասել է 5-ի։
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն էլ հասել է 3-ի։ Այս մասին հայտնում են վիրուսի դեմ պայքարի համար ստեղծված օպերատիվ շտաբից։ Ինչպես առաջինի դեպքում, այնպես էլ նոր վարակակիրներն Իրանից վերադարձածներ են։
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Ադրբեջանն այսօր երկու շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը։