Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:
Անդրադառնալով ազատման պատճառների մասին խոսակցություններին՝ նա հերքել է, որ իրեն ստիպել են կայացնել այս որոշումը։
«Ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես»,- ասել է նախագահը:
Նա խիստ անընդունելի է համարել շահարկումները Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, պայքարի դադարեցման և այլ հարցերի շուրջ, «դրանք դավաճանական հարվածներ են հենց Արցախի ժողովրդին», նշել է նա:
Հարությունյանը շեշտել է, որ Վարդանյանի նշանակումից հետո փոխվել է երկրի արտաքին մարտահրավերները։
«Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով»,- շեշտել է Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ Վարդանյանի նշանակումն իր միտքն է եղել ու ի շահ Արցախի։
«Ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում»,- ընդգծել է նախագահը։
Նա պատմել է, որ Ռուբեն Վարդանյանը ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը, ընդունելով, որ ամեն դեպքում իրավիճակին ամենախորը տիրապետում է ինքը, ի պաշտոնե տեղեկացված է առավելագույն չափով և տեղեկատվության համակողմանի ու խորը գնահատականները առավել ամբողջական կարող են տրվել իր կողմից:
«Ցավոք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանն ընդամենը օրեր անց հաջորդեց Արցախի շրջափակումը, որը գրեթե չեզոքացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեին նրա և կառավարության կողմից»,- ասել է նա:
Նախագահը բարձր է գնահատել այս ընթացքում Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Նա վստահություն է հայտնել, որ Վարդանյանը մնալու է Արցախում և իր ակտիվ հասարակական գործունեությամբ բազմապատկելու է Արցախի զարգացմանն ուղղված իր ջանքերը:
Նա նաև հաստատել է, որ Վարդանյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ է։
«Մեր անձնական հարաբերությունները մնում են բարձր մակարդակի վրա, և ես մեծապես կարևորում եմ պետական մարմինների ու պաշտոնյաների ակտիվ համագործակցությունը պարոն Վարդանյանի և նրա գլխավորած կազմակերպությունների հետ, քանի որ նա հայրենիքի նվիրյալ է և գիտակցում է Արցախի արժեքը ողջ հայ ժողովրդի համար»,- ասել է նա:
Խոսելով արտաքին քաղաքական կուրսի շուրջ նախագահի և Ռուբեն Վարդանյանի տարաձայնությունների վերաբերյալ շահարկումներին, ապա նշեց, որ երկուսի ռազմավարական նպատակն էլ Արցախի հայկական, անկախ ու անվտանգ ապագան է, երկուսն էլ ունեն նույն ընկալումը Արցախի ժողովրդի կենսական շահերի ու կարմիր գծերի վերաբերյալ:
«Մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը»,- ասել է Արցախի նախագահը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում նշանակվել է անցած տարվա նոյեմբերի 4-ին։ Դրանից մեկ ամիս անց Ադրբեջանը «բնապահպանական պատճառաբանություններով ամբողջությամբ շրջափակվեց Ացախը։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին Արցախի նախագահի և պետնախարարի միջև առկա տարաձայնությունների մասին։ Իսկ Իլհամ Ալիևը հայտնեց, որ Բաքուն Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի այն բանից հետո, երբ Վարդանյանը կհեռանա այնտեղից։ Իսկ երեկ պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տա ու Արցախից չի հեռանա։