ՌԴ պաշտպանության նախարարությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները, ինչի հետևանքով ռուս խաղաղապահներ են վիրավորվել, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պաշտպանության նախարարության միջոցով պարզվում են միջադեպի հանգամանքները [ադրբեջանական զինուժի կողմից ռուս սահմանապահների գնդակոծությունը Հայաստանի տարածքում]»,- ասել է նա։
Զախարովան հորդորել է իրավիճակին արձագանքելուց առաջ սպասել ռուսական գերատեսչության հետաքննության արդյունքներին։ Ռուսական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ արձագանքը միայն հրապարակային չէ, երկխոսությունը շարունակաբար զարգանում է։
«Հուսով եմ՝ չեք կարծում, որ եթե խոսափողի մոտ չի ասվում, դա չի նշանակում, որ չի ասվում հեռախոսով, դեմ առ դեմ, նամակագրության միջոցով և այլն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը «տարբեր գործընկերների, դաշնակիցների և ընկերների հետ տարբեր հարցերում իր դիրքորոշումը հայտնելու տարբեր ձևեր ունի»։
Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր հայ զինծառայող Մ.Գ.-ի անհետացման մասին, որը, ըստ պաշտպանության գերատեսչության, մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Հաջորդ օրը գերատեսչությունից տեղեկացրել էին, որ զինծառայողը հայտնաբերվել է։ Նախարարությունը չէր հստակեցրել, թե որտեղ են նրան գտել, ինչպես նաև միջադեպի այլ մանրամասներ։
Մարտի 22-ին Սյունիքի մարզպետարանից հայտնել էին, որ նույն օրը Գորիսի բժշկական կենտրոն են դիմել երկու ռուս զինծառայողներ՝ գլխի հատվածում թեթև վնասվածքներով։ Նրանք հավելել էին, որ վնասվածքները հրազենային չեն եղել։ Միաժամանակ, մի շարք Telegram ալիքներ մարտի 21-ին հայտնել էին, որ ադրբեջանական կողմից երկու ռուս զինվորականներ գնդակոծման են ենթարկվել։