Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Հարությունյանին ուղեկցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:
2016 թվականի «Ապրիլյան պատերազմ»-ն սկսվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և տևել երեքուկես օր: 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի ստորագրումից ի վեր 2016-ի ռազմական գործողություններն աննախադեպ էին իրենց մասշտաբներով և ինտենսիվությամբ։ Ռազմական գործողությունները դադարեցվել են Մոսկվայում՝ հրադադարի մասին պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։