ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Իմ ջերմագին շնորհավորանքները Կիրիակոս Միցոտակիսին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ Հայաստան-Հունաստան համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համատեքստում, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակներում»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ «ՏԱՍՍ»-ը հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը երդվել է որպես Հունաստանի նոր կառավարության ղեկավար։ «Ես երդվում եմ սուրբ, միահամուռ, կենարար և անբաժան Երրորդությանը՝ պահպանել երկրի սահմանադրությունն ու օրենքները և ծառայել հույն ժողովրդի շահերին», – ասել է Միցոտակիսը՝ ձեռքը դնելով Ավետարանի վրա։