ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի ԶՈւ հերթական ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները կանխել են Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի սահմանապահների փորձը՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակով։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում։
Նույն օրն ադրբեջանական ստորաբաժանումները, այդ թվում՝ ականանետային կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանի ԱԱԾ սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։