Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո պաշտոնից 2023 թվականի հունվարին ազատված գնդապետ, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Վահրամ Գրիգորյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ մայիսի 13-ի հրամանագրով Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ է նշանակվել, տեղեկանում ենք նախագահի կայքից։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել հունվարի 19-ի գիշերը, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։ Նույն օրը նախագահի հրամանագրով Գրիգորյանն ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Քննիչները հրդեհի պատճառ էին համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը, նրան մեղադրանք էր առաջադրվել: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ Գոռ Աղեկյանին և Հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մառլեն Սարգսյանին:
Հրդեհից զոհված զինծառայողների հարազատները պարբերաբար ՀՀ կառավարության դիմաց ակցիաներ են իրականացնում։ Նրանք գործը կոծկելու միտում են տեսնում։