ԱՄՆ-ի քրիստոնեական եկեղեցիների և կազմակերպությունների առաջնորդների կոալիցիան դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ շտապ միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Օգոստոսի 29-ին թվագրված նամակում ավելի քան 40 կրոնական առաջնորդներ իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի շարունակվող շրջափակման և դրա պատճառած հումանիտար ճգնաժամի առնչությամբ։
Նամակի հեղինակները կոչ են արել ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև ջանքեր գործադրել՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։
Հոգևոր առաջնորդներն իրենց խոսքում կասկած չեն թողել, որ շրջափակման պատճառով արցախահայությանը սպառնում է «փափուկ ցեղասպանություն», որի նպատակն է ժողովրդին զրկել սննդից և գոյատևման համար անհրաժեշտ այլ պարագաներից։ Եկեղեցիների ներկայացուցիչները կոչ են արել վերջ տալ «սողացող ցեղասպանությանը», տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնությունը և ապահովել, որ այն հասնի նպատակակետին։
«Մենք նաև կոչ ենք անում ձեզ անել հնարավոր ամեն ինչ անհապաղ դիվանագիտական լուծում գտնելու համար, այդ թվում՝ աշխատել միջազգային գործընկերների և Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների հետ՝ լուծում գտնել այս շարունակվող քաղաքական ճգնաժամին և հումանիտար աղետին», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ։
Նամակում մեջբերվում են փորձագետ դիտորդների, ՄԱԿ-ի պաշտոնյաների և իրավապաշտպան խմբերի վերջին զեկույցները, որոնք բոլորն էլ մատնանշում են իրավիճակի լրջությունը և լայնածավալ ողբերգությունը կանխելու համար միջամտության անհրաժեշտությունը: Փաստաթղթում հղում է արվում Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերջին զեկույցին, որը եզրակացնում էր. «Հիմքեր կան կարծելու, որ ցեղասպանություն է իրականացվում»: Զեկույցում ասվում է, որ «սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կարդինալ փոփոխությունների, հայերի այս հատվածը մի քանի շաբաթից կկործանվի»։
Օգոստոսի 9-ին Օկամպոն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն։ Նա այսպես է արձագանքել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքին՝ փորձագիտական եզրակացություն տալիս, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։