Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը և բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դադարեցնել Հայոց ցեղասպանությունն Արցախում։ Rolling Stone-ում հրապարակված հոդվածում Քարդաշյանն ու Իսրայելյանն ընդգծել են, որ իրենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են և չեն ցանկանում խոսել ապագայում մեկ այլ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակման մասին։
Նրանք հիշեցրել են, որ անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը փակել է արցախահայությանը աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը։ «Ուկրաինայի պատերազմը որոշ երկրների համար Ադրբեջանին դարձրեց ռուսական նավթի և գազի ավելի շահավետ այլընտրանք։ Այնուամենայնիվ, նման վստահությունը քաջալերեց Ադրբեջանի կառավարությանը՝ սովը որպես զենք օգտագործելու տարածաշրջանի հայ բնակչության դեմ։ Այլևս ժամանակ չկա մտքերի, աղոթքների կամ մտահոգություններ արտահայտելու համար»,- ասվում է հոդվածում։
Նրանք հիշեցրել են, որ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ և ՄԱԿ-ի անկախ հատուկ զեկուցողներ մի քանի ամիս շարունակ փորձում են աշխարհին զգուշացնել այս վերահաս հանցագործությունների մասին։ Նաև անցյալ ամիս, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն եզրակացրեց, որ Արցախում արդեն ցեղասպանություն է տեղի ունենում։ Քարդաշյանն ու Իսրայելյանն ընդգծել են, որ անհատների, կառավարությունների և կառավարական կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵՄ-ն, հավաքական լռությունը կամ անգործությունը երկարացրել է ճգնաժամը։
«Ամեն օր ավելի շատ կյանքեր են վտանգվում։ Ամերիկյան հարկատուների դոլարներն այժմ թույլ են տալիս նման վարքագիծ՝ նավթով հարուստ երկրին արտաքին օգնություն տրամադրելով։ Տնտեսական պատժամիջոցների, Ադրբեջանին օտարերկրյա օգնության դադարեցման, Ադրբեջանում միջազգային միջոցառումները բոյկոտելու միջոցով (օրինակ՝ համերգներն ու սպորտային միջոցառումները, ֆուտբոլային հանդիպումները և Ֆորմուլա 1-ի մրցումները) և միջազգային դատարաններում դատական հայցերի միջոցով մենք կարող ենք հավաքականորեն արդյունքի հասնել, բայց այդ գործընթացը գնում է շատ դանդաղ և ժամանակը սպառվում է: Որպես քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում այնպիսի առաջնորդներին, ինչպիսիք են նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինկենը և նրանց գործընկերներին անհապաղ դիրքորոշում ընդունել: Նրանք պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանների միջանցքը բացելու համար»,- ասվում է հոդվածում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Քարդաշյանն ու Իսրայելյանն ընդգծել են, որ տարածաշրջանում խաղաղությունը չպետք է ձեռք բերվի Արցախում հայերի ինքնիշխանությունը զոհաբերելու հաշվին, և որ տարածաշրջանի անողոք շրջափակումը հատել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի բոլոր կարմիր գծերը։ «Արցախում մարդիկ ցանկանում են խաղաղ ապրել։ Հիմա իսկական առաջնորդության ժամանակն է: Մեզ անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր կարևոր են, անհապաղ պահանջեն բացել Լաչինի միջանցքը՝ դադարեցնելու հերթական ցեղասպանությունը։ Մենք ցանկանում ենք ավելի մեծ ուշադրություն հրավիրել ճգնաժամի վրա և հրավիրել մեր կառավարությունում նրանց ուշադրությունը, ովքեր իսկապես հոգ են տանում մարդկության մասին: ԱՄՆ-ն ունի պատասխան քայլեր մոբիլիզացնելու հնարավորություն»,- ասվում է հոդվածում։
Օգոստոսի 27-ին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ ակցիա են իրականացրել՝ Արցախի հարցը բարձրացնելոը պահանջով։