Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի նորընտիր նախագահին՝ Սամվել Շահրամանյանին սատարելու մասին է հայտարարել, տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի Facebook-յան էջից։
«Իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը: Ընդունե՛ք հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս՝ հանուն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ հարատևման և Արցախի Հանրապետության ամրացման»,-գրել է Հարությունյանը։
Նախագահի լիազորությունները ստանձնելու առթիվ Հարությունյանը շնորհավորել է Շահրամանյանին։
Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն Արցախի Հանրապետության նախագահ է ընտրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Արցախի ԱԺ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահ: