«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կոչ է արել գործի դնել բոլոր մեխանիզմները իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի և հրադադարի համար։
«Խորապես մտահոգված եմ Արցախում տիրող իրավիճակով, որտեղ, ակնհայտորեն կեղծ նպատակների պատրվակով, այսօր Ադրբեջանը զանգվածային հրետակոծություն է սկսել, հարվածների տակ են հայտնվել խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաները։ Մինչ օրս Արցախում վիրավորվել է ինը երեխա, որոնցից երեքը բեկորային վնասվածքներով գտնվում են վիրահատարաններում: Այս 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունն Արցախի հայ բնակչության համար վերածվել է ուղղակի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի»,- գրել է նա:
Կարապետյանն ընդգծել է, որ այդ գործողությունները պետք է համապատասխան գնահատական ստանան համաշխարհային հանրության կողմից և կարող են մեկնաբանվել որպես ոչ այլ ինչ, քան ցեղասպանություն։
«Տարածաշրջանում ուժի կիրառումն անընդունելի է, խաղաղ բնակիչների մահն անընդունելի է, իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի և հրադադարի համար անհրաժեշտ է գործի դնել բոլոր մեխանիզմները։ Բռնությունն ու ատրճանակի փողը չեն կարող պատրվակ ծառայել տեղի բնակչության բռնի տեղահանման համար»,- ասել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ հենց ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը, և կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցային գործընթացին և ռուսական կողմի հետ Արցախի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեխանիզմներ ստեղծել։
«Վստահ եմ, որ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը ձախողվելու է, իսկ շանտաժի, շրջափակման կամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի միջոցով չի հաջողվի կոտրել Արցախի ժողովրդին»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին և նշել, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Արցախի ԱՆ-ն հայտնել էր 128 վիրավորի (12 երեխա) և 25 զոհի մասին (2 քաղաքացիական անձ)։
Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր 27 զոհի և 200 վիրավորի մասին՝ նշելով, որ Մարտակերտի ու Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, հայտնի չէ այդ շրջանների տուժածների ու զոհերի թիվը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման նպատակն անվանել էր ՀՀ-ին հակամարտության մեջ ներքաշելը և ընդգծել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ չէ և Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։