Անցած տարվա դեկտեմբերին բռնկված նոր տիպի կորոնավիրուսն ընդլայնում է աշխարհագրությունը։ Վիրուսի տարածումը կանխելու նպատակով բազմաթիվ պետություններ փակում են սահմանները, դադարեցնում ուղևորափոխադրումները՝ օդային և ցամաքային ճանապարհներով։ Մարտի 1-ին հանրապետությունում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքի գրանցումից հետո Հայաստանը նույնպես դադարեցրել է հարևան Իրանի ու Վրաստանի հետ քաղաքացիների տեղաշարժը, սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ուղևորափոխադրումներին։
Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին զուգահեռ առաջացած տնտեսական վնասների և դրանցից նվազագույն կորուստներով դուրս գալու քայլերի մասին Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։
-Պարոն Մարգարյան, վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ իրականացվող սահմանափակումները տնտեսական վնասներ են առաջացրել, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը։
Այս պահին գնահատականներ տալը դեռ վաղ է, բայց վիզուալ առումով՝ բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, տարբեր տեսակի գործարքների սահմանափակումները, ապրանքների պահանջարկի և առաջակի անհամապատասխանությունը համախառն ներքին արդյունքի վրա միանշանակ ազդեցություն ունենալու է։ Հայաստանը նույնպես մեկուսացած չէ համաշխարհային գործընթացներից, և այդ ազդեցությունները լինելու են և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ, և՛ երկարաժամկետ։
-Արդյո՞ք համապատասխան քայլեր իրականացնում է կառավարությունը, և ի՞նչ մեթոդներ և գործիքակազմ պետք է կիրառել նման իրավիճակում։
Իհարկե, կան համապատասխան մեթոդներ ու գործիքակազմեր ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Բնականաբար պետությունը պետք է որոշակի երաշիքներ և աջակցություն տրամադրի բիզնեսին, որպեսզի կորուստները հասցնի նվազագույնի՝ և՛ գործատուն չտուժի, և՛ բյուջեն։ Պետությունը կարող է սուբսիդավորման, հարկային արձակուրդների և դրամավարկային քաղաքականության այլ գործիքներ կիրառել, նաև գործատուներին որոշակի արտոնություններ տրամադրել, քանի որ այսպիսի իրավիճակներում մասնավոր ընկերությունները սովորաբար դիմում են աշխատատեղերի կրճատման։
Այս պարագայում գլխավորը ոչ թե տնտեսական սահմանափակումներն են, այլ վիրուսի կանխարգելումն է։ Համալիր միջոցառումների իրականացման և դրանք գործողության մեջ դրվելու դեպքում վնասները կլինեն մինիմալ։ Այս պահին չափել տնտեսական կորուստներն ու գնահատականներ տալը կոռեկտ չէ։
– Հանրապետության տարածքում արտակարգ դրությունը հնարավորություն կտա՞ խուսափել տնտեսական ճգնաժամից։
Արտակարգ դրության հայտարարումը, կարծում եմ ավելի ողջամիտ որոշում է, որովհետև եթե այդպիսի ռեժիմ չկա, ապա շատ դժվար է մարդկանց կարանտինում պահելը, կամ գործատուներին ստիպել փոխել աշխատողների նկատմամբ վերաբերմունքը և միանգամից կտրուկ քայլերի չդիմեն։
Բանկային համակարգերը պետք է անցնեն վճարումների օնլայն ռեժիմի, իսկ կրթական հաստատությունները՝ ուսուցման հեռավար համակարգների։ Այսօր ժամանակակից տեխնոլոգիաներն այդ ամենը թույլ են տալիս, և որոշումներ կայացնողները պետք է օպերատիվ այս ամենին արձագանքեն, այդ ժամանակ կորուստները կլինեն ավելի նվազ։ Հակառակ դեպքում՝ և՛ ծախսերն են ավելանում, և՛ ռեսուրսների պահանջը, այսինքն ավելի լավ է կանխել՝ ինչ որ ծախսեր իրականացվելով, քան հետևանքների դեմ պայքարել, որն ավելի բարդ է և ոչ միշտ արդյունավետ։
-Ինչպե՞ս կփոխվեն ՀՀ-ի տնտեսական ցուցանիշները և բյուջեի կատարողականը։
Իհարկե, վնասներն անխուսափելի են։ Մասնավոր սեկտորում կրճատումներ կլինեն, կսահմանափակվի որոշակի գործունեություն իրականացնողների ակտիվությունը, հնարավոր է ձեռնարկություններ փակվեն։ Նման իրավիճակում կլինեն նաև բյուջետային որոշակի կորուստներ։ Կարծում եմ, որ կարճ ժամկետներում այդքան էական և լուրջ կորուստներ չեն լինի, բայց միջնաժամկետ կտրվածքով կորուստները զգալի կլինեն։ Կարևոր է, որ շատ արագ լոկալացվի խնդիրը։
Բազմաթիվ մեթոդներ կան, որոնք հնարավոր է հարմարեցնել և խելամտորեն օգտագործել՝ ըստ մեր երկրի իրավիճակի։ Կարելի է բիզնեսին որոշակի ազատություն տալ, մեծացնել ռեսուրսների հասանելությունը, իջեցնել վերաֆինանսավորման տոկոսները, հետաձգել պարտքերի վճարումը, սուբսիդավորել որոշ բիզնես ծրագրեր, հարկադիր արձակուրդները կամ պարապուրդները։ Պետք է նաև լավատես լինել և հույս ունենալ, որ հնարավորինս քիչ կլինեն կորուստները։
Վարդուհի Մկրտչյան