ԼՂ-ում էթնիկ զտումների դեպքում պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի և խաղաղապահ զորախմբի վրա, իր ուղերձի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է: Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականություն որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա»,-հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է:
«Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց սա իրադրությունը չի փոխում: Եթե ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։