ԱՄՆ Պետդեպում հստակ չեն պատասխանել Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի վերաբերյալ հարցին, հստակ չի խոսվել նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին։ Պետդեպի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի մասով կարևոր են համարում «հրադադարի ռեժիմի պահպանումը»։
«Կարևոր է մարդասիրական կարիքների բավարարումը, հնարավորինս շուտ վստահության և վստահության ապահովման անկախ միջազգային առաքելություն ստեղծելը։ Ստեղծված իրավիճակի լուծման հարցում սա մեր առաջնահերթությունն է, և մենք աշխատում ենք այն մեռյալ կետից տեղափոխելու ուղղությամբ», -ասել է Միլլերը։
Նա խոսել է նաև աղետների արձագանքման խմբի ստեղծման մասին, որի վերաբերյալ հայտարարություն էր տարածել USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերը։
«Ինչ վերաբերում է աղետների արձագանքման խմբին, դեսպան Փաուերը երեկ հայտարարեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տեղակայել է աղետների արձագանքման խումբ՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու համար: Այս թիմը կգնահատի իրավիճակը և կսահմանի օգնության ընդլայնման առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,- ասել է նա։
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարել էր, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է աղետների աջակցության արձագանքման թիմ (DART)՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը համակարգելու համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։