Արցախից բռնի տեղահանված վարորդների նկատմամբ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացված վարչական պատասխանատվության բոլոր որոշումները ոստիկանության պետի համապատասխան հրամանով բեկանվելու են, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ չնայած ճանապարհային երթևեկության կանոնները հավասար են երթևեկության մեջ գտնվող անձանց համար, բայց հաշվի առնելով բռնի տեղահանման փաստը, հուզական իրավիճակը, երթևեկության կանոններին մի գուցե ոչ այնքան լավ տիրապետելը՝ նման որոշում են կայացրել։
Սարգսյանը կոչ է արել այսուհետ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, որովհետև հոկտեմբերի 26-ից հետո արձանագրված ճանապարհային երթևեկությանը վերաբերող բոլոր խախտումները կփաստաթղթավորվեն և վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ կկայացվեն։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ շուրջ մեկ ամիս թե՛ պարեկային ծառայությունը, թե՛ ճանապարհային ոստիկանության սպայական գումարտակների ներկայացուցիչներն իրազեկման աշխատանքներ են կատարել, հորդորել են վերացնել բոլոր խախտումները և դրանից հետո միայն դիտարկել են վարչական պատասխանատվության մասին հարցը։
Հոկտեմբերի 19-ին արցախցի վարորդներին տուգանելու մասին ահազանգել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ պարեկներն արցախցիներին 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։
ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ պարեկային և ՃՈ ծառայողներին հրահանգ է տրվել արցախցիների նկատմամբ վարչական արձանագրություններ չկազմել։