ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ պատգամավորական մանդատ ստացած Լևոն Քոչարյանին ազատ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
Լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանն իր հետ տեղի ունեցածը զավեշտ է անվանել՝ հույս հայտնելով, որ շինծու մեղադրանքներով մյուս բանտարկյալները ևս ազատ կարձակվեն։
Խոսելով պատգամավորական մանդատի մասին՝ նա նշել է, որ դա իր համար անակնկալ էր։ «Հիմա կարևորն այն է, որ ես դրսում եմ, մնացածի մասին առիթ կլինի՝ կխոսենք»,- ավելացրել է Քոչարյանը։
Պատասխանելով քրեական հետապնդումը շարունակելու և, մասնավորապես, իրեն պատգամավորական մանդատից զրկելու հնարավորության մասին հարցին՝ Քոչարյանն ասել է. «Այս մարդկանցից ես ամեն ինչ էլ սպասում եմ, ամեն ինչի էլ ընդունակ են»։
Խոսելով ՀՀ իշխանությունների մասին՝ Քոչարյանը նշել է, որ արդեն երկար տարիներ իրավական «беспредел»-ի ականատեսն են, բայց նրանք (իշխանությունները) ամեն անգամ ապացուցում են, որ պատրաստ են և ունակ են ավելիին։
Ավելի վաղ վերջինիս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ հսկող դատախազի որոշմամբ Լևոն Քոչարյանի կալանքը վերացվել է։
ԿԸՀ-ն նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում ընդունված արձանագրությամբ կալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանին պատգամավորի մանդատ էր փոխանցվել։
Նոյեմբերի 5-ին կալանավորված Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբից հաստատել էին, որ իրենց պաշտպանյալը պատգամավոր է դառնալու։
Նոյեմբերի 3-ին հայտնել էինք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Անժելա Նալբանդյանը (դաշինքի նախընտրական ցուցակի 48-րդ համարը) չի վերցնի պատգամավորական մանդատը, որը պետք է ստանար դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանի, Միհրդատ Մադաթյանի (դաշինքի ընտրական ցուցակի 47-րդ համար) և Գերասիմ Վարդանյանի (դաշինքի նախընտրական ցուցակի 49-րդ համարը) կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելուց հետո։ Դաշինքի ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն էր։
Նոյեմբերի 2-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ դաշինքը որոշել էր մանդատը փոխանցել Լևոն Քոչարյանին (դաշինքի նախընտրական ցուցակի 50-րդ համարը), ով կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին ( հոկտեմբերի 19-ին դատարանը երկարացրել էր կալանքը երկու ամսով): «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր այս տեղեկությունը և հորդորել էր արել սպասել հայտարարությունների։
Սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։