Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոյեմբերի 11-ին չեղյալ է հայտարարել «Էխո Արտդոկֆեստ» վավերագրական ֆիլմերի փառատոնը` փառատոնի նախագահ Վիտալի Մանսկիի՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» մասին հրապարակման պատճառով: Փառատոնը պետք է անցկացվեր Հայաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 23-26-ը։
Ռեժիսորը Facebook-ում գրել է, որ երկու անգամ այցելել է Ադրբեջան՝ «Հաղթանակի օրը» նշելու համար։ Նա գրել է, որ վերջին այցը եղել է օրերս, որից նա «տպավորված» է եղել: Այն բանից հետո, երբ ինստիտուտը հայտարարեց կինոփառատոնի չեղարկման մասին, Մանսկին ջնջեց իր գրառումը և հայտարարեց, որ իր գրառումը «սխալ են հասկացել»:
Նա բացատրել է, որ «տպավորված» ասելով՝ նկատի ուներ ոչ թե այն, որ «հավանություն» է տալիս, այլ որ «ուժեղ հուզական տպավորություն» է ստացել: Ռեժիսորը, մասնավորապես, հավելել է, որ «տեսածը համոզում է, որ պատերազմը չի ավարտվել՝ անկախ Հաղթանակի օրերից»։
Armenia Today-ն ուսումնասիրել է Մանսկիի հրապարակային հայտարարությունները և պարզել, որ ռեժիսորն առաջին անգամ չէ, որ արտահայտվել է Արցախյան պատերազմի մասին: Այսպես, 2021 թվականին Մանսկին, այցելելով Բաքու, այնտեղ հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին, որտեղ հայտարարել է, թե «չի կասկածել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հաղթելու է Հայաստանին»։
«Ես գիտեմ, որ բոլորը լցված են երջանկությամբ և հպարտությամբ, որ ադրբեջանական հողերը վերադարձել են։ Ադրբեջանն այնքան հզոր պետություն է, որ ես չէի կասկածում նրա հաղթանակին։ Դա ակնհայտ է։ Ադրբեջանն ու Հայաստանն անհամեմատելի են»,-գրել է ռեժիսորը։
Բացի այդ, 1992-94թթ. Արցախյան առաջին պատերազմի իրադարձությունները նա «Ադրբեջանի պատմության մեջ ողբերգական շրջան է անվանել»։