Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել «Արտդոկֆեստ» (Echo of Artdocfest) փառատոնի անցկացումը՝ փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու՝ ֆեյսբուքյան հրապարակումից հետո, հայտնում է ԵԹԿՊԻ-ն: Փառատոնը պետք է անցկացվեր նոյեմբերի 23-26-ը բուհում։
««Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ Վիտալի Մանսկու ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշել է չեղարկել նոյեմբերի 23-26-ը համալսարանում անցկացված փառատոնը»,- ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ։
Այդպիսի որոշման պատճառ է հանդիսացել 44-օրյա պատերազմի առթիվ Բաքվում անցկացվող տոնակատարությունների մասին ռեժիսորի կատարած գրառումը, որով նա «տպավորիչ» էր որակել դրանք ու ցանկություն հայտնել նոր ֆիլմ նկարահանել:
Ավելի ուշ Մանսկին գրառումը ջնջել է և բացատրել իր խոսքերը. «Իսկապես, տպավորված բառը կարելի էր կարդալ որպես հավանություն։ Բայց դա նշանակում է, որ այն, ինչ տեսա Բաքվում, ուժեղ զգացմունքային տպավորություն թողեց ինձ վրա։ Եվ այն, ինչ տեսա, մեզ համոզում է, որ պատերազմը չի ավարտվել՝ չնայած Հաղթանակի բոլոր օրերին»:
Ռեժիսորը հավելել է, որ նախատեսում է գալ Երևան և շարունակել «դժվար խոսակցությունը պատերազմի դատապարտված աշխարհի մասին»։ Նա նշել է, որ կինոփառատոնի ծրագրում ներառված է նաև Արցախյան պատերազմի մասին պատմող «Նինայի երեխաները» ֆիլմը։
Մանսկին 2021 թվականին եղել է Բաքվում և այնտեղ հարցազրույց տվել, որտեղ հայտարարել է, որ չի կասկածում Ադրբեջանի հաղթանակին։ «Ես գիտեմ, որ բոլորը լցված են երջանկությամբ և հպարտությամբ, որ ադրբեջանական հողերը վերադարձել են։ Ադրբեջանն այնքան հզոր պետություն է, որ ես չէի կասկածում նրա հաղթանակի վրա։ Ակնհայտ է, Ադրբեջանն ու Հայաստանն անհամեմատելի են»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները Մանսկիի խոսքերը։
Անցած տարի Երևանում անցկացվել էր «Արտդոկֆեստ» փառատոնը։