Կիրակի Իսրայելական զինուժը ռմբակոծել է Գազայի Հատվածի ընդարձակ տարածքներ, սպանելով և վիրավորելով տասնյակ պաղեստինցիների, գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարը նույնպես ռմբակոծվել է։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով այնտեղ մի քանի մարդ է զոհվել։ Օդային և հրետանային ռմբակոծությունները նաև կենտրոնացված են եղել Գազայի հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների վրա։ Բուժ հաստատությունները դժվարությամբ են կարողացել օգնել վիրավորների հոսքին։
Հաղորդվում է, որ Իսրայելի կողմից գործողությունների վերաբերյալ անմիջական մեկնաբանություն չի եղել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։Հակամարտության սրման պահից ի վեր զոհվել է 16000 մարդ. մոտ 14800 պաղեստինցի սպանվել է Գազայում և Արևմտյան ափին, իսկ 1200-ը՝ Իսրայելում: