Ադրբեջանը և Եվրամիությունը պայմանավորվել են թարմացնել Ադրբեջան-ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերության փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության ղեկավար Փարվիզ Շահբազովն էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Կադրի Սիմսոնի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ Շահբազովի՝ կողմերն «արդյունավետ քննարկումներ են անցկացրել Հարավային գազային միջանցքի, կանաչ էներգետիկ միջանցքի և էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ»։
2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ մինչև 18 միլիարդ խորանարդ մետր: Արարողությանը ներկա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Ադրբեջանին անվանել էր ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի 3-ին Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Բրյուսելը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու օգնությունը «ԵՄ-ի համար էներգետիկ անվտանգության ոլորտում դժվար ժամանակաշրջանում»։ Նա պատրաստակամություն էր հայտնել ընդլայնել համագործակցությունը երկրի հետ էներգետիկ ոլորտում։