ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ գեներալ Գենադի Տավարածյանի որդին ներգրավված է Երևանի կենտրոնում գործող բնակարանային առևտրի հանցավոր խմբում, գրում է «Ժողովուրդ»-ը։
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հարուցված քրեական վարույթի շրջանակներում նա հարցաքննվել է: Խոսքը Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղծ փաստաթղթերով վաճառելու, գնորդից գումարը հափշտակելու դեպքերի մասին է, որի առթիվ իրավապահները վարույթ են հարուցել։
Նշված է, որ մեծամասամբ զոհ են դառնում երկար ժամանակով չբնակեցված բնակարանները։ Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպվում են առուվաճառք: Գնորդից ստանում են գումարը, անհետանում՝ թողնելով կեղծ փաստաթղթերի և փակ դռների առջև:
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնեց, որ բնակարանային առևտրի կեղծիքների շուրջ բազմաթիվ վարույթներ կան: Նա ասաց, որ առանձին անձանց ներգրավվածության մասին ՔԿ-ն տեղեկություն հրապարակել չի կարող: