«Արցախին ամեն տարի հատկացվող ֆինանսական օգնության ծրագիրը դադարեցնելու մասին քննարկումներն ԱՄՆ-ում սկսել են դեռ մի քանի տարի առաջ, և այժմ, պայմանավորված մի շարք հանգամանքներով, Թրամփի վարչակազմը որոշել է դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը»։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ Արցախում ականազերծման համար տրամադրվող ֆինանսական օժանդակության ծրագիրը կյանքի է կոչվել հայկական լոբբիստների աշխատանքի շնորհիվ։
Հարցին, թե ի՞նչով է պայմանավորված ԱՄՆ կառավարության նման որոշումը՝ Ամերիկագետը նշեց, որ այն կապված է ներամերիկյան և հայկական գործոնների հետ։
«Թրամփի վարչակազմի՝ արտաքին աջակցությանն ընդհանրապես առաջնահերթություն չտալը, ադրբեջանցիների և թուրքերի ակտիվ լոբբիստական գործունեությունը, Միացյալ Նահանգների նկատմամբ Հայաստանի պասիվ արտաքին քաղաքականությունը հանգեցնում են նման որոշման ընդունմանը»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 70 և ավելի անդամներ միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ պետք է ոչ միայն շարունակվի Արցախին ԱՄՆ-ից տրվող օգնությունն, այլև՝ ավելանա:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Ներկայացուցիչների պալատի անդամները որոշակի հաջողության հասնեն՝ Սարգսյանը նշեց, որ շատ քիչ է հավանականությունը, բայց նաև չբացառեց, որ աշխատանք տանելու դեպքում՝ եթե ոչ այս, ապա մեկ այլ ծրագրի միջոցով իրականացվի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, քանի որ Արցախին տրվող օգնությունը շատ կարևոր նշանակություն ունի ոչ այնքան ֆինանսական, որքան՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից։
«ԱՄՆ-ի հայ համայնքն ու հայ լոբբիստներն ունեն որոշակի լծակներ այս հարցում հաջողությունների հասնելու համար։ Մեր լոբբիստները ազդեցություն ունեն Ներկայացուցիչների պալատում և Սենատում, և փորձում են Թրամփի վարչակազմի վրա ազդեցություն ունենալ հենց օրենսդիր մարմնի միջոցով»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
ԱՄՆ Պետքարտուղարի օրենսդրական հարցերով օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և Միջազգային զարգացման գործակալության օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերը հանդես են եկել գրառումներով՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ՝ «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու հարցում»։ Հարցին՝ արդյոք ամերիկացի պաշտոնյաների նման հայտարարությունների հիմքում ադրբեջանական լոբբինգն ընկա՞ծ չէ, և ի՞նչ ուղերձ են պարունակում՝ Սարգսյանը նշեց․
«Բնականաբար, ադրբեջանցիներն ակտիվ և էֆեկտիվ աշխատում են այս ուղղությամբ։ Սա չափազանց վտանգավոր է, եթե Ադրբեջանին ռազմական օգնություն է տրվում, իսկ Հայաստանին և Արցախին օգնություն է տրվում՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» կոնտեքստում։ Չափազանց զգույշ պետք է լինել նման նախաձեռնություններին համաձայնություն տալուց»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այնուհանդերձ մենք էլ մեր մասով պետք է ազդեցություն ունենանք այդ գործընթացների վրա, և սլաքները ուղղենք ի բարօրություն հայկական կողմի։
Ի պատասխան հարցին, թե Մինսկի խմբի համանախագահները կարո՞ղ են ազդեցություն ունենալ նման որոշման ընդունման կամ այդ որոշման փոփոխության հարցում, ամերիկագետը նշեց, որ այս հարցում Մինսկի խմբի համանախագահները ոչ վերջին դերակատարությունն ունեն։
«Համանախագահների միջոցով կողմերը շատ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերում, և չի բացառվում՝ հայկական կողմը շատ հարցերի հավանություն է տվել, սակայն ժամանակի ընթացքում կերևա՝ ինչ համաձայնությունների մասին է խոսքը»,- եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին ամեն տարի հատկացվող 1,5 մլն դոլարի աջակցության ծրագիրը։ Այս ծրագիր նպատակն Արցախում ականազերծման ծրագրերին աջակցությունն էր։
Ծրագիրը ֆինանսավորել է USAID-ն, իրականացվել՝ Halo Trust կազմակերպության կողմից։ Halo Trust կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատաքներ է իրականացնում 2014 թ․ ապրիլի 1-ից։
ԱՄՆ-ն Հայաստանից բացի միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու վերջինիս անկախությունը։
Վարդուհի Մկրտչյան