1990 թվականի հունվարին Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանում հայ բնակչության էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետն էին, ասվում է ՀՀ ԱԳՆ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«34 տարի առաջ այս օրերին Բաքվի հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին ու անհետացան, իսկ կես միլիոնը փախստական դարձավ։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերին և ընդգծում նման քաղաքականության կանխարգելման և բոլոր իրավունքները հարգելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ:
1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը՝ հայ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների, կողոպուտների, սպանությունների, հրկիզումների և ունեցվածքի ոչնչացման միջոցով։ Մինչև հունվարի 20-ը տևած ջարդերի զոհերը, ըստ տարբեր տվյալների, եղել են 48-ից 300 մարդ։