Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը համարում է հայանպաստ և նշում, որ այդ հայտարարությունները ճեղք են առաջացնում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև։
«Մենք դատապարտում և մերժում ենք փետրվարի 13-ին Ժոզեպ Բորելի կողմից ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցրած մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին։ Բորելի կողմից նման հայտարարությունները մենք համարում ենք աչք փակել Հայաստանի ռազմական սադրանքի վրա»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանի գերատեսչությունը նշել է, որ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը միանգամայն համարժեք էին, լոկալ և «կանխել են ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը»։
«Ափսոսանք է պատճառում զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ Եվրամիության բարձր ներկայացուցչի առաջարկը, որը գործնական նշանակություն չունի»,- ասված է հայտարարությունում։
Փետրվարի 13-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ հայկական կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր, սակայն Ադրբեջանի արձագանքն անհամաչափ էր և անտեսում էր Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի միջադեպն ամբողջությամբ կհետաքննվի։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք է սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։